Հայաստանում գորգերի արտադրությունը 51.5%-ով աճել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում զգալի աճել է գորգերի և գորգեղենի արտադրությունը:

Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 5 տոննա գորգեր և գորգեղեն, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 51.5 տոկոսով:

Նշենք, որ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 3.3 տոննա գորգ:

Հիշեցնենք, որ Հայաստանում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը 2017 թվականի ընթացքում հիմնականում անկման ցուցանիշներ էր գրանցում, սակայն տարեկան կտրվածքով գորգերի արտադրությունն աճել է։ Մասնավորապես, նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016 թվականի համեմատ աճելով 10%-ով։

Աղբյուր` Panorama.am